Մամռոտ պատմություն է,
մամռոտ ժայռածոց,
մամռահոտ կիրճեր են,
մամռոտած ձորեր․․․
(Քերծերը պահել են
արձագանքները
իմ ապուպապերի սրի զարկերի):
Էն սարի փեշին ավեր մի վանք է,
ավեր դարեր են
ու ավեր հուշեր,
սարից իջնող երգող հովերը են,
հուշերից պոկված
հին շարականներ…
(Վանքը պահել է ավեր որբության
թախիծը քարե):
Երկնքից շաղող մարգարտացող է,
ժայռածերպին կանգնած
մի հին խաչարձան,
քարակերտ ծնկած
մի վանական է՝
ձեռքերում պահած աղոթամատյան․․․
(Ժայռը պահել է
արձագանքն «Ի զե՛ն»-ի
իմ ապուպապի):
Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ
Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)